AM
18 Մայիս 2013 - 09:32 AMT

«Թանգարանների գիշեր». Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել

Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի քոչարյան մոնումենտալ քանդակներ:

Առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը, որն իրականացվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Վիրտուալ կցուցադրվեն նաև «Սասունցի Դավթի» և այլ քանդակներ:

«Քանի որ ներկայումս երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ինտերնետում, անհրաժեշտություն է առաջանում մեր թանգարաններում առկա մշակութային մեծ արժեք ունեցող աշխատանքները նույնպես ներկայացնել վիրտուալ դաշտում: Եվ ներկայացնել ոչ միայն խոսքերով, այլև ցուցադրելով ինտերակտիվ ու եռաչափ մոդելավորված տարբերակով: Համացանցում ինտերակտիվ ցուցադրելով քանդակները, նկարները ու թանգարանային այլ ցուցանմուշներ` կնպաստենք երիտասարդների այցելությանը թանգարաններ»,- ասել է «Լոկատոր» ընկերության ծրագրերի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը: Երվանդ Քոչարի թանգարանն աշխատում է ամեն անգամ նորովի ներկայանալ իր այցելուներին, այդ իսկ պատճառով հաճախակի է կիրառում տեխնոլոգիական նորագույն լուծումներ ցուցանմուշներն առավել հետաքրքիր ցուցադրելու համար: