AM
18 Մայիս 2013 - 13:42 AMT

Արտաշատում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը

Այսօր Արտաշատում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արարատի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը և ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 23-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Ողջույնի խոսքում Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի դրամանիշերի պատմությունը՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը, գլխավոր դրամատան գործառույթները և ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված նյութեր:

Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար: Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ կազմակերպվել են Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում և Աշտարակում: