Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Կիեւ` մասնակցելու ԱՊՀ անդամ-երկրների ոչ պաշտոնական վեհաժողովին: ԱՊՀ առաջնորդները Կիեւում չեն ստորագրի միջպետական փաստաթղթեր` ոչ պաշտոնական շրջանակներում նման հանդիպումները հնարավորություն են ընձեռնում քննարկել ցավոտ հարցեր: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը, ԱՊՀ երկրների ղեկավարներն անձնական զրույցներում կամ ընդհանուր բանակցություններում անպայման կշոշափեն հետխորհրդային տարածքում տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նախկին խորհրդային հանրապետությունների համար ակնհայտ է դառնում, նշվում է հոդվածում, որ միայն Համագործակցության շուկան է բաց նրանց կողմից արտադրվող ապրանքների համար: Ճիշտ է, ԱՊՀ տարածքում ստեղծել ազատ առեւտրի իսկական գոտի առայժմ չի հաջողվում: Եվ գլխավոր խոչընդոտը հնարավոր համագործակցության տնտեսական մինուսները չեն: Ինչպես նշում է թերթը, խնդիրը քաղաքականացված է Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ՎՈւԱՄ միավորմանն անդամակցությամբ, որը ստեղծվել է ԱՄՆ աջակցությամբ` որպես հակակշիռ Եվրասիական տնտեսական համագործակցության: