AM
20 Մայիս 2013 - 14:22 AMT

«Համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացումը Art Fest -ի գլխավոր մրցանակն է ստացել

«Համազգային» թատրոնում տեղի ունեցավ Art Festերիտասարդական փառատոնի մրցանակաբաշխությունը: «Համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացումը ճանաչվեց լավագույնը:

Ներկայացվել էր Աղասի Այվազյանի մի քանի պիեսների հիման վրա բեմադրված «Ցուցակը» ներկայացումը, որը ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմում է հայտնվել 2008 թ-ին: Գեղարվեստական ղեկավարը և բեմադրիչը կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է, դերասանները` թատրոն-ստուդիայի սաների հին և նոր սերունդները, ովքեր թատերական կրթություն չունեն:

Չնայած «Ցուցակը» ներկայացումը կրում է Աղասի Այվազյանի միայն մեկ ստեղծագործության անունը, բայց այն մի քանիսի «խառնուրդն» է: Գործը պատմում է Հիսուսի` Իեշուայի դեմ աշխատող անտես ուժերի և նրանց ձեռքին կամա-ակամա խաղալիք դարձած դավաճանների մասին: Նրանք բոլորը պետք է խաչված Փրկչին վարկաբեկող արտահայտություններ գոռային, քարեր նետեին նրա վրա:

Մասնագիտական ժյուրին, ներկայացնելով 2-րդ և 3-րդ տեղերում հայտնված գործերը, հայտարարեց, որ ոսկե մրցանակակիր չի լինելու, սակայն քիչ անց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը հավելեց, որ ժյուրին, բարձր գնահատելով համալսարանականների կատարած աշխատանքը, միաձայն որոշել է «Համալսարանական» թատրոն-ստուդիային հանձնել առաջին տեղի համար նախատեսված արձանիկը:

Հավելենք, որ նախնական փուլում երիտասարդական բաց փառատոնին մասնակցելու համար 178 հայտ էր ներկայացվել: Մասնագիտական հանձնաժողովն ընտրել էր լավագույն 20-ին, որոնք էլ անցել էին հաջորդ փուլ:

Նշենք, որ մինչ այդ էլ «Ցուցակը» արդեն երեք անգամ մասնակցել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին: