Այս օրերին Սիրիայում լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում, և կառավարական ուժերը կարողանում են հաջողությունների հասնել նույնիսկ այն տարածքներում, որտեղ երկար ժամանակ առավելություն ունեին ընդդիմադիրները: Սիրիայում վերջին զարգացումների մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Ռազմական գործողությունների մասշտաբները միջազգային հարթակում Սիրիայի հարցի քննարկման ակտիվությույամբ է պայմանավորված, որը կբերի բանակցային գործընթացների: Իսկ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց առաջ թե կառավարական ուժերը, թե ընդդիմադիրները փորձում են ինչքան հնարավոր է հաջողությունների հասնել», – ասաց նա ու ավելացրեց, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը ցույց է տալիս`որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը 2 կողմն էլ հասկանում են, քանի որ գիտակցում են` միայն այդ կերպ կարող են դուրս գալ արդեն 2-3 տարի շարունակվող փակուղուց: Եվ սա նաև Արևմուտքն է գիտակցում. բանակցությունների նախաձեռնությունը հենց այդ կողմից է:
Արևմուտքի թեման շարունակելով`թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց. «Փաստ է, որ Թուրքիան չկարողացավ կատարել Սիրիայի հարցում ԱՄՆ կողմից իրեն վստահված դերը և այս փաստի ապացույցն է նաև սիրիական ընդդիմության շարքերում ծայրահեղականներին ներգրավվելու Էրդողանի հուսահատ քայլը»:
Թուրքագետի խոսքով, օրերս ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում Բ. Օբաման թուրք վարչապետին հասկացրել է, որ պետք է հրաժարվել ծայրահեղականների ծառայություններից. աշխարհը տեսավ`մարդու սիրտ ուտող ընդդիմադիրը չպիտի Սիրիայում ժողովրդավարություն հաստատի:
«Էրդողանի այս այցն անհաջողության մատնվեց: Նա բավարարվեց միայն արարողակարգային մասով, և ոչ մի խոստում ԱՄՆ նախագահից չստացավ: Թուրքական դիվանագիտական աղբյուրները լռում են, հետևաբար պարզ է, որ Էրդողանին ոչինչ չի հաջողվել` ոչ թռիչքային գոտի ստեղծելու և ակտիվ ռազմական գործողությունների մասով», – ասաց թուրքագետը`ավելացնելով, որ Թուրքիայի վարչապետին հաջողվեց միայն լուսանկարվել ԱՄՆ նախագահի հետ:






