Կաննի կինոփառատոնի ռուսական տաղավարում ներկայացվել է 4 ֆիլմի նախագիծ, որոնցից մեկը ԼՂ մասին: Այս մասին գրում է vokrug.tv կայքն ու ավելացնում, որ դեռ նախագծային փուլում ֆիլմն արդեն կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հաստատեց տեղեկությունը.«Այո, նման նախագիծ ներկայացվել է, շնորհանդեսն արդեն եղել է», – ասաց նա:
Ֆիլմը կոչվում է «Ֆլորիստ»: Սցենարի հեղինակը ԱՄՆ-ում բնակվող Ջեֆ Գալուստյանն է, ռեժիսորը`Մարիա Սահակյանը: Նա նաև «Այդ ես չեմ» ֆիլմի ռեժիսորն է:
«Ֆլորիստի» հիմքում հայազգի 60-ամյա Վարդանի պատմությունն է, որ ապրում է Լեռնային Ղարաբաղում և մեխակներ է աճեցնում։ Հայաստանի և Ադրբերջանի միջև սկսված պատերազմը տակնուվրա է անում նրա ողջ կյանքը։ Ավագ որդին գնում է պատերազմ ու անհետ կորում։ Կրտսերն էլ՝ մեկնում Եվրոպա` երաժշտություն սովորելու:
Մի օր էլ Վարդանն իր ծաղկանոցում է վիրավոր զինվոր է գտնում։ Նախ կարծում`իր որդին է, սակայն պարզվում է, որ նա ադրբեջանցի զինվոր է։ Վարդանը նրան գերի է վերցնում՝ հույս ունենալով, որ նրա ծնողներն Ադրբեջանում կգտնեն իր որդուն ու կփոխանակեն իրենց որդու հետ:






