AM
21 Մայիս 2013 - 12:34 AMT

Հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված գործերը՝ մեկ անթոլոգիայում

«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ և ձայնագրման ժամանակակից պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

Թողարկված ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական հաստատություն ևս կստանա այս ձայնագրությունների ժողովածուն` երաժշտության գրականության և պատմության դասընթացներում օգտագործելու համար:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (Մաս I. Ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» ծրագրի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագրի հովանավորն է «Երևան Ինթերնեյշնլ Ռոտարի» ակումբը:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն սպեկտր` 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը, այդ թվում՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր մասնակից լինելով ծրագրի ընթացքին՝ իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով. դաշնամուրային տրիո, կվարտետ, կվինտետ և այլն: