«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է ԱԺ-ում ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քվեարկությանը և դեմ է քվեարկելու: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` երկուշաբթի օրը խորհրդարան եկած Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրել ու ասել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:
«Գործարարներն այդ որոշումից դժգոհ են մնացել, այդուհանդերձ, բառ չեն ասել, բայց պատերի տակ ՀՀԿ իրենց ընկերներին բողոքել են. «Ո՞նց կարանք դեմ քվեարկենք, հերներս կանիծեն, պրոստո չենք մասնակցի քվեարկությանը, կթռնենք»:
ԲՀԿ ֆրակցիայի նիստում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ոնց եղել ենք, ըտենց էլ մնալու ենք` այլընտրանք, կոշտ ընդդիմություն չենք լինելու»: Ընդդիմադիր չլինելու այս մտքին ընդդիմացել է Գուրգեն Արսենյանը, ասելով` ես ունեմ իմ դիրքորոշումը, ես ընդդիմություն եմ: Վարդան Օսկանյանը ձայն չի հանել: Ծառուկյանին այս մոտեցումը դուր չի եկել, հասկացրել է` անցանք առաջ: Քվեարկությունների ժամանակ ԲՀԿ-ականները նկատել են, որ Արսենյանը խմբակցությունից տարբեր քվեարկություն է իրականացնում. ի տարբերություն իրենց, հիմնականում քվեարկում է դեմ կամ ձեռնպահ»,- այսօրվա համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը:






