Մայիսի 21-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Թմրամիջոցների և թմրամոլության եվրոպական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոցի հետ: Կողմերը քննարկել են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների լայն շրջանակ, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն «REITOX» թմրամոլության և թմրամիջոցների եվրոպական ցանցում Հայաստանի ընդգրկման և Հայաստանում թմրամոլների սոցիալական վերականգնողական կենտրոնի բացման հարցերի շուրջ: Նաև տեխնիկական աջակցություն կցուցաբերվի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ՀՀ պետական մարմիններին: Փորձի փոխանակում, վերապատրաստում և վերաորակավորում կիրականացվի այս ոլորտում ներգրավված ուժային կառույցների աշխատակիցների համար:
Արթուր Բաղդասարյանը մասնակցել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին նվիրված «REITOX շաբաթ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: ԱԱԽ քարտուղարը իր ելութում մասնավորապես նշել է. «Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկի համաձայն հաստատվել է «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը»: Ծրագրի նպատակն էր կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման պետական և հասարակական կառուցակարգերը, ապահովել դրանց արդյունավետ գործառնությունը։ 2010 թվականին ստեղծվել է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով»` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ, ում վերապահվել է Ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը: Ներկայումս մշակման փուլում է ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության ծրագրի նախագիծը:
Կարելի է փաստել, որ արդեն նկատվում են կատարված հետևողական աշխատանքի դրական արդյունքները` 2012 թվականին Հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1139 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1525-ի դիմաց: Նվազումը կազմել է 386 դեպք կամ 25,3%: Հանցագործությունների քանակի նվազման միտումը շարունակվում է նաև 2013 թվականի անցած ժամանակահատվածում»:
Եվրոպացի պաշտոնյաները և փորձագետները դրական գնահատական տվեցին վերջին ժամանակաշրջանում Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ցուցաբերված հետևողականության և ձեռնարկված միջոցառումներին, ինչը նվազեցրել է ոլորտում հանցագործությունների թիվը:
Արթուր Բաղդասարյանն երկկողմ հանդիպումներ է ունեցել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարով զբաղվող մի շարք երկրների` Ֆրանսիայի, Իտալիայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, ինչպես նաև ԵՄ հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Վաղը նախատեսված են Արթուր Բաղդասարյանի պաշտոնական հանդիպումները Պորտուգալիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ, որից հետո նա կվերադառնա Հայաստան:






