ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան 89-ամյակի կապակցությամբ:
«Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո,
ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:
Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի և չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյականություն, հանդուրժողականություն և համերաշխություն: Արժեքներ, որոնց պակասը, ցավոք, զգացվում է հատկապես մեր օրերում:
Աշխարհասփյուռ հայությունը հպարտ է նման արժեքների ջատագով իր հայ զավակով: Դուք արժանապատվորեն շարունակում եք մեր ազգի մեծ երախտավորների անգնահատելի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Առանձնահատուկ ոգևորությամբ եմ արձանագրում մեր երիտասարդ պետականության կայացման և ամրապնդման գործընթացին օժանդակելու Ձեր անգնահատելի նվիրվածությունը:
Սիրելի պարոն Ազնավուր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և Ձեր նվիրական իղձերի իրականացում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:






