AM
24 Մայիս 2013 - 10:56 AMT

1200 հայտ` 94 երկրից. «Ոսկե ծիրանն» աշխարհի ուշադրությունն է գրավում

10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը: Մոտ 1200 հայտ` 94 երկրից` նախորդ տարվա 67 երկրի փոխարեն: «Ոսկե ծիրանի» հանդեպ միջազգային ուշադրությունը տարեցտարի մեծանում է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ասուլիսի ժամանակ նկատեց, որ փառատոնն արդեն վաղուց ոգևորություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:«Երբ ես խոսում եմ այլ երկրների մշակույթի նախարարների հետ, մեր երկիրի մասին առաջին հերթին նշում են, որ «Ոսկե ծիրան» ունենք: Սա նշանակում է, որ տասը տարվա լուրջ կենսագրությունով փառատոնն ունի բարձր հեղինակություն: Անկախությունից ի վեր «Ոսկե ծիրանը» մեր լավագույն և կայացած միջոցառումներից է»,- ասաց նախարարը`հիմնավորելով`այն մարդկային և մասնագիտական փոխհարաբերությունների արտահայտման հնարավորություն է տալիս: Այս փաստը բազմիցս նաև մշակույթի գործիչներ, արվեստագետներ և երիտասարդ ստեղծագործողներ են ընդգծել:

Իսկ այս տարի փառատոնը հյուրընկալելու է կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալլերի» արժանացած կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսինին, Գոդֆրի Ռեջիոյին, Յոս Ստելինգին: Մինչ փառատոնի մեկնարկն այս մասնագետները երիտասարդ կինոգետների, կինոքննադատների համար դասընթաց են անցկացնելու` «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով:

Մշակույթի նախարարը կարևորել է նաև, որ կինոփառատոնը լուսաբանելու են ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ` Euronews-ը, Культура-ն, The national-ը, Site and sound-ը:

«Մեզ հաջողվեց «Ոսկե Ծիրանը» դարձնել միջազգային անձնագիր: Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատու ընկերություն, մենք կողմնակից ենք այն գաղափարին, որ կորևոր է հայկական ինքնությունը ճանաչելի դարձնել աշխարհում», – ասաց փառատոնի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կինոփառատոնի մրցութային ծրագրում խաղարկային ֆիլմերի միջազգային ժյուրին կգլխավորի համաշխարհային կինոյի դասականներից մեկը` հունգարացի Իշտվան Սաբոն, վավերագրական ֆիլմերինը` 9-րդ «Ոսկե ծիրանի» դափնեկիր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի ընթացքում ներկայացվելու են նաև լիամետրաժ, «Կորիզ» կարճամետրաժ, «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրերը, նաև հոբելյանական ծրագիր` նվիրված Ա. Խաչատրյանի 110, Ն. Հովհաննիսյանի և Ա. Փելեշյանի 75 ամյակներին:

Փառատոնի օրերին հրատարակվելու է նաև «Ոսկե Ծիրան» պարբերականը: