AM
24 Մայիս 2013 - 14:23 AMT

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության բացելու անհրաժեշտություն կա, կարծում են ՀՀ փոխվարչապետն ու ԱՄԷ դեսպանը

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Միացյալ Արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան):

Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին`դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն արձանագրեցին, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ: Առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից նրանք կարևորեցին միջկառավարական հանձնաժողովի դերը: Քննարկվեցին հանձնաժողովի առաջին նիստի անցկացման ժամկետների, օրակարգի հետ կապված հարցեր:

Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինից կողմերն անդրադարձան նաև Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ դրանով նոր որակ կհաղորդվի երկկողմ հարաբերություններին: Դեսպանը նշեց, որ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանի հետ առավել սերտ համագործակցությամբ` պատրաստակամություն հայտնելով իր գործունեությամբ նպաստել փոխգործակցության խորացմանը: