ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխվարչապետը շնորհավորել է Բրեդլի Բուզետտոյին`պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Ա.Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ՄԱԶԾ-ին համարում է կարևոր գործընկեր, վերջինիս միջոցով Հայաստանում իրականացվող ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր:
Փոխվարչապետն անդրադարձել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ տարածքային կառավարման և ՏԻ մարմինների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերին, նշելով, որ համակարգն առաջիկա տարիներին մտնելու է բարեփոխումների նոր փուլ`որի արդյունավետ իրականացման համար ակնկալել է նաև ՄԱԿ-ի աջակցությունը: Ա. Գևորգյանն առանձնահատուկ կարևորել է տարածքների համաչափ զարգացման, համայնքների խոշորացման, տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծմանն ուղղված աշխատանքները: Տեղեկացրել է, որ ներկայումս համայնքների խոցելիության գնահատման նոր մոթոդաբանություն է մշակվել, որի ժամանակ կիրառվել է ՄԱԿ-ի մեթոդաբանությունը:
Նա արդյունավետ է համարել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Արդյունաբերության զարգացման կազմակերպության, Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համատեղ աշխատանքները, շեշտելով փոխգործակցությունը գենդերային անհավասարության վերացման, թրաֆիքինգի դեմ պայքարի և այլ ոլորտներում:
Ա. Գևորգյանը անդրադարձ է կատարել նաև Նյու Յորք իր աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռեբեկա Գրինսպանի հետ հանդիպմանը և նրա հետ քննարկված հարցերին:
Բրեդլի Բուզետտոն վստահեցրել է, որ ձևավորված համագործակցությունը կշարունակվի նաև իր գործունեության տարիներին:Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը համատեղ ծրագրերում, մասնավորապես, շեշտելով ապակենտրոնացման քաղաքականությանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև քննարկել նոր նախաձեռնություններին օժանդակելու հնարավորությունները:






