AM
30 Մայիս 2013 - 10:08 AMT

ԵԽԽՎ նախագահը կարևորում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: «Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձևավորման գործում՚: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա: ՙԱդրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, և նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասաց ԱԺ նախագահը:

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը կարևորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները`այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանի դերը: Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանի համար կարևոր և պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը և հավաստիացրեց, որ իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնությունների իրականացմանը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը նշեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում և մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս: