AM
30 May 2013 - 14:30 AMT

Ուդահար Երվանդ Բոստանջին մտադիր է վերադառնալ Դիարբեքիր

ԱՄՆ-ում բնակվող, ծնունդով Թուրքիայից հայտնի երաժիշտ, ուդահար Երվանդ Բոստանջին մտադիր է վերադառնալ հայրենիք՝ Դիարբեքիր, հայտնում է Ermenihaber.am-ը:

Հունիսի 20-ին նախատեսվող վերադարձի ծախսերը կհոգա Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը: Բոստանջին գրող Շեյմուշ Դիքենի հետ Փարիզում կայցելի Ահմեդ Քայի, Յիլմազ Գյունեյի, իսկ Բրյուսելում՝ հայտնի հայազգի երգիչ Արամ Տիգրանի շիրիմները:

Արամ Տիգրանը, որն առավելապես հայտնի է քրդերեն լեզվով գրած իր երգերով, կտակել էր թաղել իրեն Դիարբեքիրում, սակայն Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին, քանի որ նա Թուրքիայի քաղաքացի չէր: Նրա շիրիմի մոտ Բոստանջին ուդի նվագակցությամբ կկատարի հայերեն, քրդերեն և թուրքերեն երգեր:

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը աշխատանք է խոստացել նրան Դիարբեքիրի Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայում: