AM
21 January 2006 - 09:40 AMT

Թռչնագրիպ. Հայաստան են ժամանում ՄԱԿ-ի փորձագետները

ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետներն այսօր կժամանեն Հայաստան, երեկ, հունվարի 20-ին հաղորդել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում: Փորձագետների ժամանումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ընդգրկված է թռչնագրիպի տարածման ռիսկի գոտում, քանի որ այդ վիրուսից թռչունների անկման դեպքերը հայտնաբերվել են Թուրքիայի Հայաստանին սահմանակից արեւելյան շրջաններում: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հաստատել է Բարձր պատոգեն հատկություններով թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը: «Կառավարության որոշումը ազգային ծրագիրը հաստատելու վերաբերյալ ընդունված է հաշվի առնելով իրավիճակի վատթարացման սպառնալիքը, ինչպես նաեւ Հայաստանի տարածք թռչնագրիպի վիրուսի հնարավոր ներթափանցումը եւ տարածումը կանխելու նպատակով»,-հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում: Ըստ Հայաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների, այս պահի դրությամբ հանրապետությունում թռչնագրիպով վարակի դեպքեր չեն արձանագրվել: Հարեւան Թուրքիայում հաստատվել է թռչնագիպով վարակվելու 21 դեպք, հինգ հոգի մահացել է, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: