ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի ղեկավարությամբ և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ: Համերգի ընթացքում հնչել են հայերեն և արաբերեն կատարումներ: Ցուցադրվել է 1964թ Թ.Ալթունյանի անսամբլի՝ Սիրիա այցելության մասին տեսաֆիլմ: Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համերգից ստացած հասույթը տրամադրվելու է Հայաստանում գտնվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:
Հայաստան տեղափոխված սիրիահայեր դոկտոր Պետրոս Բոյաջյանի, դոկտոր Ռոբերտ Սուլայանի, Հրայր Ագիլյանի, Բետի Մինասյանի, ինչպես նաև Ժիրայր Ալթունյանի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարի սկզբին ստեղծված երգչախմբի նպատակն է շարունակել սիրահայության մշակութային ավանդույթները և աջակցել նրանց ինտեգրմանը հայաստանյան հասարակական կյանքին: Երգչախմբի կազմում են 40 սիրիահայեր, ովքեր ներկայացնում են հայկական ժողովրդական, հայրենասիրական, ինչպես նաև՝ արաբական երգեր:






