AM
23 January 2006 - 08:55 AMT

Եթե ՀՀ բնակչությունը խնայողաբար օգտագործի գազը, ապա դրա պաշարները կբավականացնեն մինչեւ գազատարի վերականգնումը

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» եւ «Մոզդոկ-Թբիլիսի» գազամուղերի պայթեցման համար օգտագործված պայթուցիկ սարքերի հզորությունը կազմում է 700-800 գրամ տրոտիլայիւն համարժեքով: Այդ մասին հաղորդել է ՌԴ գլխավոր քարտուղարի տեղակալ Նիկոլայ Շեպելը: Հյուսիսային Օսթեիայում գազատարի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 167 հոդվածով (գույքի միտումնավոր ոչնչացում կամ վնասում): Շեպելը պարզաբանել է, թե ինչու է տվյալ հանցագործությունը որակվում որպես գույքի միտումնավոր ոչնչացում, այլ ոչ թե ահաբեկչական գործողություն: «Պայթյուններից ոչ ոք չի տուժել, լուրջ հետեւանքներ շրջակա միջավայրի համար նույնպես չկան»: Միեւնույն ժամանակ հետաքննությանը մոտ աղբյուրները հայտնում են, որ որպես հիմնական վարկած դիտարկվում է ծայրահեղական խմբավորումների դիվերսիոն գործունեության հետ կապված վարկածը, հաղորդում է Լենտա.ռուն-ն:

Մինչդեռ, «ԱրմՌոսգազպրոմ» ընկերությունը կոչ է արել Հայաստանի բնկաչությանը անցնել բնական գազի օգտագործման խնայողական ռեժիմի եւ կիրառել ջերմության բոլոր այլ հնարավոր այլընտրանքային աղբյուրները; Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո քարտուղար Շուշաննա Սարդարյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանից գազի առաքման դադարեցման պատճառով «ԱրմՌոսգազպրոմը» սկսել է գազ մատակարարել բնակչությանը նախկին ծավալներով Աբովյանի ստորերկրյա գազի պահեստարանից (ՍԳՊ): Մինչդեռ, ըստ Սարդարյանի, մոտ օրերս կարող է դադարեցվել գազի մատակարարումը տեղական գազալցակայններին: «Եթե բնակչությունը խնայողաբար օգտագործի գազը, ապա դրա պաշարները կբավականացնեն մինչեւ գազատարի վերականգնումը, որով գազը Ռուսաստանից առաքվում է Վրաստան եւ Հայաստան»,-նշել է դեպի Հայաստան գազի էքսկլյուզիվ առաքող «ԱրմՌոսգազպրոմի» մամլո քարտուղարը: Նրա խոսքերով, օրեկան Հայաստանում սպառվում է 6,7 մլն խ.մետր գազ: Շ.Սարդարյանը նաեւ հիշեցրել է, որ 2002 թվականի հունվարին Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վրա արդեն եղել է վթար, որի հետեւանքները վերացվեցին 8 օր անց: «Այն ժամանակ մեզ հաջողվեց ամբողջ ծավալով ապահովել գազով բնակչությանը, օգտագործելով պաշարները»,-հիշեցրել է Շ.Սարդարյանը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վրա տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որի արդյունքում դադարեցվել է գազի մատակարարումը Ռուսաստանից դեպի Վրաստան եւ Հայաստան: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում, առաջին պայթյունը տեղի է ունեցել «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի 1200 մմ տրամագծով ճյուղերից մեկի վրա Վլադիկավկազից 30 կմ դեպի հարավ Վերին Լարս անցակետի մոտ: Այնուհետեւ պայթել եւ այրվել է Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի 700 մմ տրամագիծ ունեցող ռեզերվային հատվածը: Հյուսիսային Օսեթիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ տեղի ունեցածը կարող է դիվերսիա լինել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: