AM
1 Հունիս 2013 - 12:55 AMT

Սփյուռքի նախարար. Թող յուրաքանչյուր մանուկ անհոգ ու երջանիկ ապրի երազների իր քաղաքում

Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության և «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Երազանքների քաղաք» ժամանցային փառատոն-ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ցուցահանդեսի բազմազան տաղավարներում ներկայացված էին փառատոնին մասնակցող տասնյակից ավելի ընկերությունների մանկահասակ երեխաներին առնչվող արտադրանքի նմուշները: Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցադրությանը և իր գոհունակությունը հայտնել արտադրողներին՝ միջոցառմանը ակտիվորեն մասնակցելու համար: «Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ մանուկներին, մաղթում նրանց ջերմություն և խաղաղություն իրենց երկրներում, ու թող յուրաքանչյուր մանուկ անհոգ ու երջանիկ ապրի երազների իր քաղաքում»,- ասել է նախարարը: Փառատոն-ցուցահանդեսին մասնակցել են նաև սիրիահայ երեխաները: