Հունիսի 9-17-ը Ստոկհոլմում կմեկնարկի ամենամյա «O/MODƏRNT» միջազգային փառատոնը, որտեղ հրավիրված երաժիշտների կողքին Հայաստանը կներկայացնի ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը: Այս տարի փառատոնը կբացվի Ժ.Ֆ. Ռամոյի երաժշտությունը: Լինելու են բազմաթիվ ժամանակակից կոմպոզիտորների պրեմիերաներ, որոնք նվիրված են ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորին: Փառատոնի շրջանակներում, հունիսի 12-ին, դաշնակահարը կներկայացնի շվեդ ունկնդրին Ժ.Ֆ.Ռամոյի ստեղծագործություններից, ինչպես նաև տարբեր ժամանակակից կոմպոզիտորների մենանվագ և կամերային ստեղծագործություններ:
Իսկ հաջորդ օրը, հունիսի 13-ին, կկայանա Հայկ Մելիքյանի «Անհավատարիմ հովիվը» կվինտետի պրեմիերան: Ստեղծագործությունը գրված է ջութակի, թավջութակի, սոպրանո-սաքսոֆոնի, դաշնամուրի և կլավեսինի համար և հորինված է Ժ.Ֆ.Ռամոյի «Հավատարիմ հովիվը» կանտատի մոտիվներով: Փառատոնին հրավիրված են այնպիսի հանրաճանաչ աստղեր, ինչպիսիք են դաշնակահարուհի Անջելա Հյուվիթը, թավջութակահար Սվանտե Հենրիսոնը, սոպրանո Լենա Հոելը, սաքսոֆոնահար Անդերս Փաուլսոնը, կլավեսինահար Միքել Ցալկան, ինչպես նաև ջազ երաժշտության ասպարեզում ճանաչված նորվեգացի Անդերս Ջորմինը և այլոք:






