AM
3 Հունիս 2013 - 06:40 AMT

Հայտնի են «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի հաղթողները

Հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է:

«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարումները հանրությանը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց լավ ձայնային տվյալներ ունեցող անհատների:

Մայիսի 31-ից հունիսի 3-ը տեղի ունեցավ «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը, որտեղ իրենց ուժերը չափեցին 153 պատանի ու երիտասարդ ՀՀ-ից և Արցախից: Մասնակիցների համար կազմակերպվեցին մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ: Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանը, Լարիսա Մկրտչյանը, Գայանե Գեղամյանն ու Սամվել Գալստյանը: Հանձնաժողովի նախագահն է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության վաստակավոր նախագահ Դավիթ Ղազարյանը: