«Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ Մշակույթի նախարարի զեկույցից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը բարձրաձայնեց պատմամշակութային հուշարձանների վտանգման խնդիրը:
«Սանահինի եկեղեցում պատի ճեղքերից բուսականություն ու ծառեր են աճում: Վստահեցնում եմ Ձեզ, որ այն ծառերը, որոնք աճում են Սանահինի եկեղեցու պատերին և տանիքի վրա յուրաքանչյուր տարի հաստատ մեզանից ավելի շատ գումար են տանում»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, իսկ Դավիթ Հարությունյանը նրան խնդրեց թույլ տալ խոսքը շարունակել. «Գոշավանքում Պոսողի խաչքարն այնքան է ծռվել, որ մի թեթև ցնցում ու այն կկորցնենք, գյուղացիները սեպեր են խրում, որ կանգուն մնա: Առաջարկում եմ կործանման վտանգի առջև կանգնած հուշարձանների թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել: Ես կարծում եմ, որ սա նաև մեր օրենսդիրների խնդիրն է, բազմաթիվ երկրներ տարբեր լուծումներ են փորձում գտնել` սկսած հիմնադրամներ ստեղծելուց, վճարովի մուտքեր ապահովելուց:
Կարծում եմ, որ խնդիրների այս կոմպլեքսը պետք է քննարկենք»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Պատգամավորը նկատեց, որ պետք է օգնել նախարարությանը լրացուցիչ միջոցներ գտնելու համար: «Իմ խորին համոզմամբ`մինչ նախագիծ անելը ու իտալացի հրավիրելը, պետք է այդ ծառերը կտրել: Այդ ծառերը քայքայում են շինությունները, քանի որ աճում են պատերի և տանիքի վրա»,- ասաց նա:
Հասմիկ Պողոսյանը չցանկացավ պատասխանել ու ասաց, որ կգերադասի խնդրի մասին խոսեն մասնագետները: «Շատ հաճախ խնդիրները կայանում են նրանում, որ թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց իրականում հուշարձանի խնդիրն այլ է: Ես համոզված եմ, որ այն հերթականությունը, որը սահմանված է հուշարձանների վրա աշխատելու հիմքերը ամրապնդելու համար ճիշտ տրամաբանությամբ է: Իմ սիրտը շատ է ցավում այդ հուշարձանների համար:
Մենք բոլորս խոսում ենք, մեր հանրությունը խոսում է, բայց ես շատ քիչ դեպքեր եմ տեսել, երբ գան և հարցեն, թե ինչով կարող են օգտակար լինել»,-ասաց նախարարը: Նա նկատեց, որ Դավիթ Հարությունյանի առաջարկը կարևոր է և պատրաստ են մասնակցել այդ լսումներին:






