AM
4 Հունիս 2013 - 09:48 AMT

Հայաստանն ակտիվացնում է հարաբերությունները Խորվաթիայի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչը (նստավայրը՝ Աթենք):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, և կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու և բազմաբնույթ դարձնելու, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաև միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպան Ստարչևիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: