Էրդողանի ինքնավստահ հայտարարությունները նրան չեն օգնի: Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, հնարավոր է, նոր զարգացումներ կստանան, որովհետև հակակառավարական շարժմանը մասնակցողների նպատակն ամեն գնով երկրում իրավիճակն ապակայունացնելն է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Թուրքաիյում տեղի ունեցող իրադարձությունները հրահրում են ոչ միայն կառավարությունից դժգոհ, այլ իշխանության վարած «նեոօսմանիզմի» քաղաքականությանը դեմ ուժերը», – ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, գերտերությունների դեռ միայն հետևում են դեպքերի զարգացմանը: Իսկ այդ կերպ մտածելու հիմք է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` դժգոհություններն իրավական դաշտ տեղափոխելու մասին: «Բայց անհրաժեշտության դեպքում գերտերությունները կներգրավվեն Թուրքիայի ներքաղաքական իրադարձություններին և գուցե անմիջական մասնակցություն ունենան երկիրը մասնատելու գործընթացին», – ասաց նա:
Թուրքիայում բազմահազարանոց ցույցեր են ընթանում վարչապետ Էրդողանի ու նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Թուրքիայի Թաքսիմ հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 2 մարդ է սպանվել, 1000-ը վիրավոր են, 900-ը` ձերբակալված: Փորձագետներն արդեն խոսում են այն մասին, որ այս իրադարձությունները «արաբական գարունն» են Թուրքիայում:






