AM
5 Հունիս 2013 - 14:18 AMT

24 էջանոց պատմություն՝ 24 ժամում. Բացառիկ ձևաչափով կոմիքս-մարաթոն Հայաստանում

Հունիսի 15-ին` ժամը 13.00-ին Գյումրիում կմեկնարկի «Ազատ արտահայտման պատկերը» 24 -ժամյա կոմիքս-մարաթոնը: Նման մրցույթ ԱՊՀ-ում առաջին անգամ է անցկացվում: Մարաթոնի հիմնական մասնակիցները Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Վարստանն են, սակայն հայտեր ընդունվում են նաև Եվրոպայից: Մինչ այս մարաթոնը, անցկացվել է 6 ժամանոց փորձնական մրցույթ, որի արդյունքներից կազմակերպիչները բավական գոհ են:

Ըստ կոմիքս-մարաթոնի ձևաչափի՝ մասնակիցները պետք է գրանցվեն մրցույթի համար ստեղծված կայքում, այնուհետև կազմակերպիչները կընտրեն թեման, որը սոցիալական է լինելու, և մրցույթը սկսելու պահին կհայտարարեն թեման, ինչից հետո մասնակիցները 24 ժամվա ընթացքում պետք է փորձեն նկարել 24 էջանոց գիրք, որը չպետք է շեղվի առաջարկված թեմայից և պետք է լինի ամբողջական պատմություն:

Մրցույթի կազմակերպիչներից Արմեն Պատվականյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մենք լավ նկարիչներ ունենք, բայց կոմիքսների առումով մի քիչ թույլ ենք: Ըստ նրա՝ այս մրցույթը երիտասարդների ուշադրությունը գրավելու, վարպետության դասեր կազմակերպելու լավ առիթ է: Նա տեղեկացրեց, որ հաղթողներին ընտրելու է միջազգային ժյուրին: Կլինի մեկ գլխավոր մրցանակ և մեկական մրցանակակիրներ յուրաքանչյուր երկրից:

Կոմիքս-մարաթոնը կամփոփվի ցուցահանդեսով, իսկ հաղթողների գրքերը կտպագրվեն: