AM
5 Հունիս 2013 - 17:19 AMT

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի միջոցառումների ժամանակացույցը

Հունիսի 6-ին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը։ Այս առիթով Սայաթ-Նովա, Մաշտոց, Տերյան, Թումանյան փողոցների սյուների վրա տեղադրված բարձրախոսներից կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը /ժամը 11:00-23:00-ն/: Արամ Խաչատրյանի մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն ու մասնակիցները, Երևանի երաժշտական դպրոցների սաները, հայ մտավորականները կայցելեն Արամ Խաչատրյանի շիրիմին /ժամը 11:00-12:00-ն/:

Ազատության հրապարակի և Կարապի լճի տարածքում տեղադրված էկրաններին կցուցադրվեն Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմեր /ժամը 18:00-23:00–ն/: Տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի և փառատոնի, ինչպես նաև հոբելյանական տարվա բացման արարողությունը. համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտության հետ մեկտեղ կներկայացվեն տեսամիացումներ` աշխարհի մեծագույն երաժիշտների և արվեստագետների ողջույնի խոսքերով: Արարողությունն ամբողջությամբ կհեռարձակվի Ազատության հրապարակի և Սայաթ-Նովայի պողոտայում տեղադրված էկրաններից /ժամը 20:00-21:30–ն/:

Երեկոյան Կարապի լճի շրջակայքում հանդես կգան ինքնուս և պրոֆեսիոնալ պարախմբեր` կատարելով Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան», «Սուսերով պար», «Ուզունդարա», «Կարոսի պրկե» և այլ ստեղծագործությունները /ժամը 21:30-23:30–ը/:

Անվանի կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երևանում մեկնարկող մեծ արվեստագետի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթով:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 7-9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին: Հունիսի 14-ին կկայանա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «թավջութակ» մասնագիտության համար սահմանել է հետևյալ մրցանակները`1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ։ Եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով: