AM
25 January 2006 - 14:44 AMT

Ամերիկացի փորձագետ. Ոչ մի երկիր չի կարող միայնակ պայքարել թռչնագրիպի դեմ

«Ես գլխավորում եմ այստեղ գտնվող պատվիրակությունը քննարկելու համար Հայաստանի կառավարության հետ թռչնագրիպի վիրուսի հետ կապված հարցերը»,-հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ, ԱՄՆ կառավարության պատվիրակության ղեկավար Էնն Դորսին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նա հաղորդել է, որ պատվիրակությունը կազմված է 11 հոգուց, որոնց թվում են Պետքարտուղարության, ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պաշտպանության գործակալության, առողջապահության գործակալության եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները: Նրա խոսքերով, այցի նպատակը երկակի է` պարզաբանել Հայաստանում թռչնագրիպի վիրուսի հետ կապված իրավիճակը, եւ այն, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել ԱՄՆ-ն այդ հարցում: Նա կարեւորել է տեղեկատվության թափանցիկությունը, հանրության տեղեկացվածությունը, այդ խնդրի վերաբերյալ տեղեկատվության եւ փորձի փոխանակումը: «Հանրությունը եւ ԶԼՄ-ները այդ առումով կարեւոր դերակատարություն ունեն»,-հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Է.Դորսին հաղորդել է, որ ամերիկյան պատվիրակությունը Երեւանում հանդիպել է Առողջապահության նախարարության, գյուղատնտեսության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում են Հայաստանում: Նրանց հետ քննարկվել են այդ ուղղության համագործակցության հարցեր եւ թռչնագրիպի դեմ պայքարում ԱՄՆ կառավարության աջակցության հարցերը: «Ուզում եմ նշել, որ թռչնագրիպը գլոբալ խնդիր է: Անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհի երկրները արձագանքեն եւ միավորվեն վիրուսի դեմ պայքարում: Վիրուսները չեն ճանաչում քաղաքական եւ աշխարհագրական սահմաններ, մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-հայտարարել է Է.Դորսին:

Պատասխանելով այն հարցին, թե գրանցվել են արդյո՞ք Հայաստանում թռչնագրիպով վարակվելու դեպքեր` նա հայտարարել է, որ «Հայաստանում դեռեւս չեն գրանցվել թռչնագրիպով վարակվելու դեպքեր, սակայն, անհրաժեշտ է շարունակել վերահսկել իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել անհապաղ հակազդել դրան: «Բացի այդ կարեւորվում է մասնագետների, հետազոտողների, բժիշկների, վիրուսաբանների առկայությունը»,-նշել է նա եւ ավելացրել, որ «անհրաժեշտ է թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագիր»:
«Հայաստանի կառավարությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ»,-հայտնել է Է.Դորսին: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Կովկասի տարածաշրջանի երկրները կմիավորեն ջանքերը եւ ռեսուրսները H5N1 վիրուսի դեմ պայքարում, քանի որ, նրա խոսքերով, ոչ մի երկիր չի կարող պայքարել միայնակ: Նա նաեւ հաղորդել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ից Հայաստան կժամանի մասնագետ, որը կաջակցի թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակմանը: