Սոս Ազիզյան, «Զվարթնոց» կինոթատրոնի տնօրեն, 1993 թվական
1985 թվականից աշխատել եմ տարբեր կինոթատրոններում: Հրաշալի ժամանակներ էին: Մի զարմացեք, որ մենք կարոտով ենք հիշում այդ օրերը: Մեր երիտասարդությունն անցավ կինոթատրոններում: Կինոն շատ նվիրյալներ ուներ: Ով սկսում էր աշխատել կինոթատրոնում, հավերժ կապվում էր կինոյին: «Զվարթնոցում» սկսեցի աշխատել 1993 թվականին: Մինչ այդ աշխատել էի երկու կինոթատրոնում, երբեք որևէ դժվարություն չէինք ունեցել, ու մեկել սկսվեց այդ ճգնաժամը: Պլան չէինք կարողանում կատարել, տոմս չէր վաճառվում, կինոյի համար վատ ժամանակներ էին:
Պլանի թեման այդ տարիներին կինոթատրոնների տնօրենների մղձավանջն էր: Հազար ու մի պատճառ էին հնարում, որ արդարանան Կինոմատոգրաֆիայի պետական կոմիտեի կոլեգիայի քննարկումների ժամանակ: Մի անգամ քննարկման ժամանակ, երբ հերթը հասավ ինձ, որոշեցի արդարանալու փոխարեն իմ կատակ- բանաստեղծությունը կարդալ, որի վերջին տունն այսպես էր. «Թե դպրոցը լինի միակ մեր հույսը, շուտ կխավարի մեր աչքի լույսը, պլանը չտանք, կինոն կգոցեն, իսկ ինձ դե հաստատ կգնդակոծեն»:
Իմ այս «ելույթին» ի պատասխան՝ կոմիտեի նախագահի տեղակալ, գրող Վիկտոր Բալայանը՝ ժպտալով վրա բերեց. «Պլան չտաք, կինոն չի գոցվի, բայց ձեր հեռացման հարցը կլուծվի» (ծիծաղում է,- հեղ.):
Այսպես հումորով փորձում էինք դուրս գալ ստեղծված իրավիճակից, հումորով նայել դժվարություններին, բայց կամաց-կամաց կանխորոշվում էր ամեն բան: Ես դժավարություններից չէի խուսափում, կշարունակեի աշխատել, ինչքան էլ որ չէր հաջողվում կատարել պլանը, բայց հիվանդացա ու ստիպված եղա թողնել աշխատանքս:

Մարտուն Ոսկանյան, կինոմեխանիկ, «Զվարթնոցում» աշխատել է 24 տարի
Ինչքա՞ն եմ աշխատել: Ինչ ինձ հիշում եմ՝ 13 տարեկանից մինչև փակման օրը: Այ էն դուռը տեսնու՞մ եք (ցույց է տալիս կինոխցիկի մուտքը,- հեղ) կինոխցիկն է, ես այդտեղ եմ մեծացել: 1972 թվականին ես կինոթատրոնում մեխանիկի աշակերտ էի, գնում էի դասի, երեկոյան օգնում վարպետիս, դրա համար փող ստանում, ուրախանում: Հետո դարձա վարպետ, հետո եկան իմ աշակերտները: Այդ խցիկը մեր հավաքատեղին էր, ամբողջ օրն այդտեղ էինք ացկացնում, փոքր թռչուն էինք պահում, ձկներ: Շատ սիրուն ակվարիում ունեինք: Ու հիմա ես ամեն օր տեսնում եմ՝ ոնց է փտում ու փչանում էն տեղը, որտեղ իմ կյանքի 24 տարիներն են անցել:
«Զվարթնոցի» բոլոր տնօրեններին հիշում եմ: Բոլորը հրաշալի մարդիկ էին: Շատ մտերիմ էիք «Զվարթնոցի» առաջին տնօրենի՝ Արշակ Խուրշուդյանի հետ, Թամիզյան Հակոբի հետ: Թամիզյանը ինչ-որ ծանոթներ ուներ, եղբոր աղջիկն էլ դերասանուհի էր: Մեկ-մեկ մենք ֆիլմեր էինք ստանում, որ ոչ մեկ ցույց չէր տվել ու մի քանի շաբաթ մարդիկ գալիս էին ու գալիս: Մի տարի, չգիտեմ ոնց, բերել էր «Берегись Зузу» ֆիլմը, մի քանի օր հերթեր էին, որ գոյանում էին: Մի օր էլ բերեց մի խուրձ հին ժապավեններ, ասաց. «Սա առավոտյան պիտի ցույց տանք»: Տարա տուն, տեսա «Մազանդարյան վագրն» է: Հին, մաշված, բայց դե առավոտվա համար կինո չունեինք: Աշակերտիս կանչեցի ամբողջ գիշեր կտրեցինք ու կպցրեցինք, մոնտաժեցինք, կրճատեցինք ու առավոտյան ցույց տվեցինք:
Լավ ֆիլմեր շատ էինք բերում: Բայց երևի ձեզ պատմել են, որ մի շրջան հնդկական կինոների բում էր: «Հայրենիքից» հետո, մեկ էլ մեզ մոտ էին հնդկականներ շատ լինում: Մի ժամանակ «Հայրենիքին» Դելի էին ասում, «Զվարթնոցին»՝ Բոմբեյ:
Հնդական կինոյի գիտակներ կային Երևանում, էնքան էինք էդ ֆիլմերը նայել: «Հրազդան» կինոթատրունում մեխանիկ կար, անունը էլի Մարտուն էր, իրեն «բոյով Մարտուն» էին ասում: Հնդկական կինոյի մասին բան չկար, որ չիմանար: Հանկարծ փորձեիր մոտը մի դերասանի մի վատ բան ասել, կսպաներ: Այ էդքան սիրում էր դրանց: Հպարտանում էր, որ առաջինն էր որևէ դերասանի մասին մի բան իմանում, պատմում էր՝ ոգևորված:
«Զվարթնոցի» հպարտությունն էլ մեր երկու նկարիչներն էին: Այ դրա համար մեզ կարող էին նախանձել: Մեր հիպի Անդոն ու Վրեժը անգերազանցելի էին, դրա համար էլ մեր աֆիշաները քաղաքում ամենասիրունն էին: Անդոն մասնագիտությամբ նկարիչ էր, հիմա Եվրոպայում է, իսկ Վրեժը ինքնուս էր: Ինչ կինո ուզում էր լիներ, Վրեժն ասում էր. «Սպասեք, մի հատ նենց աֆիշա գրեմ, դահլիճը թնդա»: Ու էդպես էլ լինում էր: Ուրեմն մի օր մի ֆիլմ բերեցին, շատ անհետաքրքիր ֆիլմ էր, մեծերը կհիշեն՝ «Ալիսան այլևս այստեղ չի ապրում»: Վրեժն էդ ֆիլմի աֆիշան էնքան սիրուն էր գրել, երեկոյան ասեղ գցելու տեղ չկար: Սեանսը սկսվելուց 15 րոպե հետո դահլիճը կիսադատարկ էր, հերթով դուրս էին գալիս ու ասում, որ ֆիլմը շատ անհետաքրքրի է:
Այ այդպիսի լավ նկարիչներ ունեինք: Ուրիշ կինոթատրոնններում նկարիչները ժողովների ժամանակ բողոքում էին, ներկ էին ուզում, մերոնց համար տնօրենները ոչինչ չէին խնայում: Մեր Անդոն ու Վրեժը նաև ինքնապատասխանիչն էին ձայնագրում, դա էլ էր իրենց գործը, մեկ-մեկ էլ ես էի ձայնագրում, եթե իրենք չէին հասցնում:
Լենդրիկ Հայրապետյան, «Զվարթնոց» կինոթատրոնի տնօրեն (1993-1996 թթ)
Ձեզ հետ կինոթատրոն չեմ գա, որովհետև փակվելուց հետո ոչ մի անգամ էդ կողմերով չեմ անցել, ինձ համար դժվար է, շատ եմ պայքարել, որ «Զվարթնոցը» չփակեն: Շատ վատ ժամանակ սկսեցի աշխատել այնտեղ: Սկսվել էին հովհարային անջատումները, հեռու տեղից լարերով հոսանք էինք բերում ու աշխատում էինք, օրվա մեջ մեկ-երկու սենաս ցույց էինք տալիս, պրոյեկտորներ էինք բերել, դրանցով էինք ցույց տալիս հիմնականում: Հետո «դվիժոկով» էինք ցույց տալիս, մի օր եկանք, տեսանք «դվիժոկները» գողացել են: Մի կերպ աշխատում էինք, ուղղակի որ կիոն լինի, որ իմանանք՝ կա:
«Զվարթնոցը» ճարտարապետական տեսանկյունից իրականում անհարմար էր մի փոքր: Մտնում էինք՝ մի կողմում տոմսարկղն էր, հետո առաջանում էինք՝ փոքրիկ բար կար, բարի մոտով իջնում էինք դահլիճ: Բավական մեծ դահլիճ էր՝ 500 տեղանոց: Դահլիճը շատ ցածր էր, հենց մի տեղ կոյուղում խցանում էր լինում, մենք խնդրի առաջ էինք կանգնում: Վերջին տարիներին հատկապես ամեն օր պատմությունների մեջ էինք: Անընդհատ ծախսեր, մինուսով էինք աշխատում: 96 թվականին տեղի ունեցավ կառավարության այդ չարաբաստիկ նիստը, բավական պայքար տարանք: Բայց էն ժամանակ Բագրատյանը ասաց, որ կինոթատրոնը շահույթ չի բերում ու պետք է սեփականաշնորհվի: Սա էր պետական քաղաքականությունը:
Լավ-վատ՝ աշխատեցինք որքան կարողացանք: Դժվար է իրականում բնակելի շենքի տարածքում նման կառույց պահելը: Փորձում էինք հաշտ ու ահամերաշխ գոյատևել մի բակում: Վեճեր էլ էին լինում, ամեն ինչ էլ լինում էր: Մեկ էլ տեսնեիր, սենասից առաջ մեկը որոշում էր բակում բուրդ չորացնել, հենց մուտքի մոտ: Նման պատմություններ շատ էին լինում, բայց գործը սիրում էինք, մարդիկ էլ կինոն էին սիրում: Լավ ժամանակներ էին, որ վատ վերջացան:

Արսեն Կարապետյան, կինոմեխանիկ, «Զվարթնոցում» աշխատել է 1985-1996 թթ
Ես փոքր եմ եղել, բայց գիտեմ, որ կինոթատրոնը բացվել է համր ֆիլմով՝ «Նամուսն» են ցույց տվել: Ես էլ իմ վարպետի՝ Մարտուն Ոսկանյանի պես այստեղ եմ մեծացել, այստեղ եմ աշխատել, այստեղ եմ սովորել օրվա հաց վաստակել: 9 տարեկանից օգնել եմ կինոմեխանիկին, հետո սովորել գործի նրբությունները ու 1985-ին ընդունվել եմ աշխատանքի: Լենինը մի լավ խոսք ուներ, որ «Զվարթնոցի» պատին փակցրել էինք: Մեծ տառերով գրված էր. «Արվեստում ամենակարևորը կինոն է»: Եվ իրոք այդպես էր:
Շատ եմ ցավում, որ մեր մայրաքաղաքում այսօր 1,5 կինոթատրոն կա: Այս հարստությունը չէր կարելի անտերության մատնել: «Զվարթնոցը» միայն կինոթատրոն չէր, այն նախատեսված էր նաև որպես ապաստարան: Երբ այս շենքը նախագծվել է, հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ արտակարգ իրավիճակների ժամանակ կինոթատրոնը կարող է որպես ապաստարան ծառայել: Այստեղ 7-10 հազար մարդ կտեղավորվեր: Սա ստրատեգիական կենտրոն էր, արվեստի կենտրոն, մարդկանց համախմբելու վայր էր: Ժամանակին այստեղ պատերին մեր մեծերի նկարներն էին փակցված: Սեփականաշնորհումից հետո պոկեցին, տարան, չգիտեմ՝ ինչ եղավ: Այստեղ մեծ շուքով Թամիզյանի 50-ամյակը նշեցինք: Մհեր Մկրտչյանն էր եկել, Ավետ Ավետյանը, Էդմոնդ Քեոսայանը: Հենց այդ օրվա նկարներն էլ փակցրել էինք պատերին, շատ գեղեցիկ էր:
Կիրակի առավոտները այստեղ մի աննկարագրելի պատկեր էր: Սովորաբար, սա մուլտֆիլմերի ժամն էր: Գալիս էին՝ գունավոր հագած, աղմկելով, իրար հրելով, իսկական մանկապարտեզի բակի էր վերածվում: Շենքի բակը շատ սիրուն էր հատկապես՝ գիշերը, ու հատկապես, երբ անձրև էր եկած լինում, լույսերը արտացոլվում էին բակում: Ժամերով կարող էիր նստել բակում ու նայել փողոցին, մարդկանց: Չնայած հիմա կինոն չի գործում, բայց լավ է, որ գոնե մնացածի պես խաղասրահ կամ խանութ չեն դարձրել, թեև շատ անգամ են փորձել:
Բոլորովին վերջերս Երևանի նախկին ոստիկանապետի որդին որոշել էր այստեղ «սուպերմարկետ» բացել: Շենքի բնակիչները մեկ մարդու նման իջան ու պայքարեցին: Հիմա էլ չեն թողնի, որ նման բան լինի: Ասել ենք՝ կամ սա մշակութային կենտրոն կդառնա, կամ կինոթատրոն, կամ այս դռները երբեք չեն բացվի: