ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Ֆրեյմութ Դյուվեն այսօր ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին հուլիսի 18-ին Հայաստանում կայացած հեռուստատեսային հաճախականությունների մրցույթի արդյունքում չեն տրամադրվել հեռարձակման արտոնագրեր: Դյուվեի խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «արդեն մեկ տարուց ավել է, ինչ հայ հասարակությունը զրկված է բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքից»: ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ հեռուստաալիքների բացակայությունը եթերում վկայում է այն մասին, որ Հայաստանում շարունակվում է սահմանափակվել խոսքի ազատությունը: