ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է Թրանսփարենսի Ինթերներշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի քննարկումը, որը վերաբերում էր թիվ 07 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելուն:
Հանձնաժողովն իր որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ դիմումում առկա են միայն պնդումներ Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին, «սակայն բացակայում է այդպիսի խախտումը (խախտումները) հավաստող որևէ առեևրույթ հիմնավորում (խախտումը հավաստող փաստաթուղթ, այդ թվում ապացույց)»:
Հիշեցնենք, որ 24.05.2013թ ԹԻՀԿ-ն դիմել էր հանձնաժողով, խնդրելով քննության առնել Երևանի ավագանու ընտրություններին թիվ 8/08 ընտրատեղամասում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացին միջամտելու և տեղամասում «կարգուկանոն հաստատելուն» ուղղված վարքագծի համապատասխանությունը պատգամավորի էթիկայի կանոններին և, որպես ապացույց, հղում էր կատարվել համացանցում առկա տեսանյութին:
«Հանձնաժողովը նշված տեսանյութը համարել է «դիմումի պնդումների հետ որևէ կապ չունեցող», մինչդեռ տեսանյութից ակնհայտ է, որ պատգամավորը ընտրատեղամաս է եկել ընտրական գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչը հաստատում է անձամբ ինքը՝ պատգամավորը՝ պատասխանելով լրագրողի հարցին»,-ասված է ԹԻՀԿ հաղորդագրության մեջ:






