AM
13 Հունիս 2013 - 10:29 AMT

ԱԻՆ-ը մասնակցում է փորձի փոխանակման և ուսուցման համաեվրոպական ծրագրի

2013-ը «Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագրի ավարտական տարին է: Ծրագրին մասնակցում է 9 երկրների 16 գիտահետազոտական ինստիտուտ և համալսարան: Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում անցկացվում է փորձի փոխանակում և ուսուցում, մասնագիտական կապերի ձեռքբերում և ամրապնդում: ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ում արդեն հյուրընկալվել են Բուլղարիայի, Մակեդոնիայի և Հունաստանի փորձառու և երիտասարդ երկրաֆիզիկոս-սեյսմոլոգներ: Հայ մասնագետներն, իրենց հերթին, գործուղվել են Բուլղարիայի և Մակեդոնիայի սեյսմոլոգիական կենտրոններ: Նրանք այցելել են սեյսմիկ կայաններ, ծանոթացել սեյսմիկ դիտարկման համակարգերին, երկրաֆիզիկական և սեյսմոլոգիական տվյալների հավաքման և մշակման համար կիրառվող ծրագրերին, երկրաշարժերի և դրանց երկրաֆիզիկական նախանշանների վերլուծության ընթացքին, ուժեղ և զգալի երկրաշարժերի դեպքում ազդարարման համակարգերի աշխատանքին և երկրաշարժի մասին տվյալների հաղորդման եղանակներին:

Մասնակիցների գնահատմամբ, անցկացվող հանդիպումները և համատեղ աշխատանքը փոխադարձ օգտակար և ուսանելի են: Ծրագիրը ֆինանսավորվում է Յոթերորդ շրջանակային ծրագրով՝ «Մարիա Կյուրի հիմնադրամի» կողմից: