AM
17 Հունիս 2013 - 06:20 AMT

42 տարի առաջ այս օրը զոհվեց Պարույր Սևակը

42 տարի առաջ այս օրը ավտովթարի հետևանքով զոհվեց հայ մեծանուն գրող, գրականագետ Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան): Չանախչի գյուղից դուրս գալուց հետո ճանապարհին Պարույր Սևակի մեքենան վթարի ենթրակվեց: Մեքենայի մեջ էին գրողը, կինը և երկու որդիները: Սևակն ու կինը զոհվեցին: Մինչ այսօր որևէ հստակ վարկած չկա, թե իրականում ինչ տեղի էր ունեցել այդ օրը: Շատերը չեն հավատում, որ դա սովորական ավտովթար էր և պնդում են, որ Սևակին սպանել են: Այս վարկածը, սակայն, դեռ ապացուցված չէ:

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ հաճախել է դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական էին։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով Սևակը ընդունվում է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարն էր։ Սևակը թաղված է հայրենի գյուղում։