AM
17 Հունիս 2013 - 12:16 AMT

Երևանում կանցկացվի միջազգային համաժողով և ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստը

Հունիսի 19-ին Երևանում (Մատենադարանի շենքում) տեղի կունենա «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության և տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաև Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ` «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձևեր» թեմաներով: Թեմատիկ քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի փակմանը` Հերվիգ վան Շտաայի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մինչ այդ, հունիսի 18-ին Երևանում (Հայաստանի ազգային գրադարանի շենքում ) կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը: Բյուրոն Կոնգրեսի քաղաքական և գործադիր մարմինն է:

Նշենք, որ Հերման վան Շտաան այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: