AM
25 Հունիս 2013 - 14:34 AMT

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն արժանացել է ԵՄ պատվոգրի

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (RAA) արժանացել է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ԵՄ-«Եվրոպա նոստրա»-2013 մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի` «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավառում» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը, որին այս տարի մասնակցել են եվրոպական 30 երկրների 200 հայտեր, ավարտվել է 30 մրցանակների և 16 պատվոգրերի շնորհմամբ` 4 անվանակարգերում:

Հայաստանից բացի «Կազմակերպության կամ անհատի կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավառում» անվանակարգում միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի են արժանացել նաև Բելգիայից, Գերմանիայից և Հունգարիայից ներկայացված 1-ական հայտեր:

Մրցանակաբաշխության արդյունքները, ինչպես և նախորդ տարիներին, ամփոփվել են «Եվրոպա նոստրա»-ի կողմից հրատարակված հատուկ գրքույկում, որի մեջ տեղ է գտել նաև RAA-ի կողմից վերականգնված Դադիվանքի համալիրի լուսանկարը: