AM
26 Հունիս 2013 - 06:26 AMT

60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված գործերը՝ մեկ անթոլոգիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 26-ից հուլիսի 23-ը Երևանում անցկացվելու է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների 4-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

Փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին, որպես թավջութակի փառատոն: Այն 2010 թվականին դարձել է ալտի և թավջութակի փառատոն: Թալալյան եղբայրների անվան փառատոնի նպատակն է հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայ և օտարազգի երաժիշտների միջև և այլն:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ «Արս լունգա» դուետի նոր նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիայի» շնորհանդեսով (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, ժամը 19:00-ին): Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ) և 10-ամյա Մաքսիմ Լանդոն (դաշնամուր):

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: «Արս լունգա» դուետը շրջանակներում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի օգտագործմամբ և ձայնագրման ժամանակակից պահանջներին համապատասխան: Արդյունքում, թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր հավաքածու (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկում: