AM
26 Հունիս 2013 - 13:02 AMT

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը կնպաստի դատարանների աշխատանքի թափանցիկության բաձրացմանը

«Ամերիա» ՓԲԸ-ն «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով իրականցնում է «Դատարանների մոնիտորինգի ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ծրագրի վերջին փուլի արդյունքները ներկայացվել են հունիսի 26-ի սեմինարում դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, ՀԲ և ԶԼՄ-ների ներկայությամբ:

Հայաստանն այժմ գտնվում է դատաիրավական բարեփոխումների իրականացման փուլում, ուստի, անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու դատարանների մոնիտորինգի մեթոդաբանություն, որը չի առնչվում դատական համակարգի բովանդակային մասին, այլ վերաբերում է քանակային ցուցանիշներին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիա» ՓԲԸ իրավաբանական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը, ծրագրի նպատակն է Հայաստանում դատարանների մոնիտորինգի համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա միասնական մեթոդաբանության հիման վրա իրականացնել դատարանների ու դատական համակարգի մոնիտորինգ: Վերջինս էապես կնպաստի դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, դատական տեղեկատվության հասանելիությանը, որը կմեծացնի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը:

Հիմք ընդունելով Հայաստանի դատական համակարգի առանձնահատկությունները և միջազգային լավագույն փորձը, Ամերիան մշակել է դատարանների գործունեության մոնիտորինգի մեթոդաբանություն, որը կհանդիսանա դատարանների մոնիտորինգի իրականացման հիմնական մեթոդական փաստաթուղթը:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ Երևանում դատարան այցելողների 11,5 տոկոսից անձը հաստատող փաստաթուղթ են պահանջել: Այդ ցուցանիշը կրիտիկական չէ, չնայած, որ ըստ օրենքի, փաստաթուղթը ներկայացնել չի պահանջվում, այն կարող է ներկայացվել միայն դատական կատարածուի հատուկ կարգադրությամբ:

«Ամերիա» ՓԲԸ-ում ակնկալում են, որ երբ մոնիտորինգի մեթոդաբանությունը վերջնականապես հանձնվի շահառուներին ի դեմս Փաստաբանների պալատի, արդարադատության նախարարության և այլ շահագրգիռ կողմերի, ապա այն կօգտագործվի ու հետևողական բնույթ կկրի: