ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը հունիսի 29-ից հուլիսի 8-ը կազմակերպում են Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվում է 1987 թվականից՝ երեք տարին մեկ:
Նպատակն է բացահայտել շնորհալի պատանի ջութակահարների և թավջութակահարների, նպաստել նրանց ուսմանն ու ստեղծագործական գործունեությանը, աջակցել միջազգային մրցույթներին մասնակցելու հարցում, ինչպես նաև՝ հանրահռչակել հայ կոմպոզիտորների լարային ստեղծագործությունները:
Գաբրիելյանի և Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաքից կմասնակցեն ավելի քան 30 պատանի ջութակահարներ և թավջութակահարներ հետևյալ տարիքային խմբերում. ջութակահարների կրտսեր խումբ (մինչև 12 տարեկան) և ավագ խումբ (13-15 տարեկան), թավջութակահարների կրտսեր խումբ (մինչև 13 տարեկան) և ավագ խումբ (14-16 տարեկան):
Մրցույթի կազմկոմիտեի նախագահն է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Կազմկոմիտեի կազմում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արամ Գյուրջյանը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահի տեղակալ Դմիտրի Առաքելյանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Մրցութային հանձնաժողովի որոշմամբ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակի արժանացած մասնակիցները կստանան Դափնեկրի դիպլոմներ և դրամական պարգևներ: Մրցութային ծրագրի երկրորդ փուլ անցած մյուս մասնակիցները կարժանանան պատվոգրերի: Սահմանված են նաև հատուկ մրցանակներ:






