Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեում կայացած բանակցություններում ավարտվեց «Պրահայի գործընթացը», ճիշտ չեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բանը նրանում է, որ «Պրահայի գործընթացը», կամ «Պրահայի սկզբունքներն» արձանագրված պայմանավորվածություններ չեն, եւ ոչ Ռամբույեում, ոչ էլ մեկ այլ վայրում դրանք անհնար է խախտել կամ ավարտին հասցնել: Դրանք ընդամենը մտադրություններ էին, որոնք կարելի է կատարել, կարելի է եւ չկատարել»,-ասել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեի անհաջող բանակցությունները հերթական անգամ սառեցրեցին ակտիվացած բանակցային գործընթացը: Նրա խոսքերով, Ռամբույեում ավարտին հասավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական փուլը` «Պրահայի գործընթացը»: «Դեռեւս մեկ տարի առաջ զգացվում էր, որ երկու երկրների կառավարությունները մտահոգված են ընտրություններով եւ Արեւմուտքի աջակցությունը ստանալու անհրաժեշտությամբ: «Երկու կողմերը ուղղակի օգտագործում էին «Պրահայի գործընթացը» ելնելով իրենց շահերից: Ընտրություններն Ադրբեջանում եւ Հայաստանում ավարտվեցին եւ անհետացավ «Պրահայի գործընթացի» անհրաժեշտությունը: Եվ օրինաչափ է, որ այդ գործընթացն ավարտվեց նման տխուր կերպով»,-հայտարարել էր նա: