Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) նախագիծը միջազգային ճանաչման է հասել և սա շնորհիվ Կաննի միջազգային կինոփառատոնում, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի “CineMart” ֆորումում և 10-րդ “Berlinale Co-Production Market”-ում 2012-2013թթ. հաջողությամբ անցկացված շնորհանդեսների: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է նախագծի ղեկավար և «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:ՌԱՍ մասնակիցներից և նախագծերից շատերը միջազգային և ազգային մակարդակներում մեծ հաջողությունների են հասել: Օրինակ՝ նախկին ՌԱՍ մասնակից Մարիա Սահակյանի «I am going to Change My Name» ֆիլմը՝ ճանաչվեց «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության, 2013 թվականի լավագույն ֆիլմ: Այն նաև ընդգրկվեց «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցույթում:
ՌԱՍ աշխատաժողովի մեկ այլ մասնակից Նանա Ջանելիձեի «Aother Paradise»Վրաստան) կինոնախագիծը 2013 թ. «Project Market Sofia Meetings»-ի «Second Films» ծրագրում ստացավ «Լավագույն նախագիծ» մրցանակը:
ՀԹԿՊ աջակցությամբ նկարահանված Լուսին Դինքի (Թուրքիա) “SaroyanLand” ֆիլմը այս տարի ընդգրկվել էր Ստամբուլի 32-րդ միջազգային կինոփառատոնի Ազգային մրցույթում: Այս ֆիլմը առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի 10-րդ «Ոսկե Ծիրան» Երևանի կինոփառատոնի ժամանակ:
ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ գալիք 10-րդ հոբելյանական «Ոսկե Ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այդ միջոցառումներից է Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) 7-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որին մասնակցելու համար ընտրվել է Արևելյան գործընկերության երկրներից 12 նախագիծ: Նախագծերը կպայքարեն զարգացման երեք դրամաշնորհներիի համար՝ մեկ 5000 € և երկու € 3500 ական եվրոյի չափով):
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողովը ևս այս նախագծի միջոցառումներից է, որին ներկայացվելու է 10 կինոնախագիծ՝ 5 Թուրքիայից և 5 Հայաստանից:
ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011 հոկտեմբերի ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Նախագիծը աշխատում է մի քանի առանցքային ուղղություններով՝ կինո առանց սահմանների ցանց, կինոդասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ, կինոլրագրություն առանց սահմանների, Ֆիլմեր առանց սահմանների և տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում:
Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) և INTERNEWS (Հայաստան) կողմից։






