Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր քննարկում էր հրավիրվել Փակ շուկայի խնդրով: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական սոցիալ-տնտեսական իրավունքների գծով Արմեն Գրիգորյանը, հաշվի առնելով թեմայի նրբությունը, նախ կոչ արեց քննարկման մասնակիցներին մի կողմ դնել զգացմունքները և հարցը դիտարկել միայն իրավական տեսանկյունից, ապա խոսքը տրամադրեց ՄԻՊ աշխատակից Նարեկ Ղազարյանին, ով այս ամբողջ ընթացքում զբաղվել է Փակ շուկայի խնդրով:
Նա համառոտ ներկայացրեց՝ ինչ է պարզել ՄԻՊ-ը ու ինչ է կատարվել շուկայում: Պարզվել է, որ առաջին հերթին քաղաքապետարանի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության է ենթարկվել Փակ շուկայի կառուցապատողը, այնուհետև քննարկում է եղել Մշակույթի նախարարությունում և գրություններ են ուղարկվել, որ ինքնակամ շինությունը ապամոնտաժվի: Թե Քաղաքաշինության և թե Մշակույթի նախարարության մասնագետները փաստել են, որ վերգետնյա շինարարությունը ապօրինի է:
Քաղաքաշինական նախարարության քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանն էլ ասաց, որ տրվել է շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատման թույտվություն, բոլոր մնացած աշխատանքները ապօրինի են: Քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Սուրեն Մելիք -Քարամյանը՝ ներկայացնելով իրավիճակն ասաց, որ խոսքը հանրապետական նշանակության հուշարձանի մասին է, որտեղ ցանկացած աշխատանք կատարելու համար պետք է լիներ Մշակույթի նախարարության թույլտվությունը:
«Մշակույթի նախարարությունը ժամանակին չառարկեց և սկսվեց վերակառուցումը: Երբ որ եղավ հայտնի փլուզման դեպքը, կազմվեց հանձնաժողով և պարզվեց, որ շենքի գոյություն ունեցող վիճակը վատթարացել է: Պարզվեց նաև, որ որ «մսի պասաժի» հատվածում նստվածքային պրոցեսներ են սկսվել, Մշակույթի նախարարությունը դիմեց քաղաքապետարան, որ նոր թույլտվություն տրվի ու ամրացման աշխատանքներ կատարվեն: Մենք 0-ից վերև ոչ մի փաստաթուղթ չենք տվել և չկա նման փաստաթուղթ»,-ասաց Սուրեն Մելիք -Քարամյանը:
Մշակույթի նախարարության ներկայացուցչին լսելու առիթ չեղավ. նա չէր եկել:






