AM
28 Հունիս 2013 - 13:11 AMT

Մկրտիչ Մինասյան. Այդ կերպ չի կարելի խաբել, Փակ շուկան վաղուց հարկերի է բաժանված

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր քննարկում էր հրավիրվել Փակ շուկայի խնդրով: Քննարկմանը ներկա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ներկաներին տեղեկացրեց, որ բոլորը այս հարցով համատարծ ստում են ու պետք չի հավատալ այն ամենին, ինչ ասվում է.

«Ասում են՝ դեմոնտաժ ենք անում, այդ կերպ չի կարելի խաբել, հուշարձանի կեսից ավելին հարկերի է բաժանված և կոմունիկացիաներ են անցկացվում: Սա հանարապետական նշանակության հուշարձան է: Ոչ մի տուգանքով հարց չի լուծվում: Անցյալ տարվա հունվարի սկզբից ծանր տեխնիկան առանց որևէ թույլտվության մտել է այդ շենք, կառույցը դեֆորմացվեց»:

Նկատելով , որ Մշակույթի նախարարությունը քննարկմանը չի մասնակցում ճարտարապետն ասաց.

«Իհարկե չէր կարող գալ Մշակույթի նախարարության աշխատակիցը: Երբ որ ներսում հարկեր էին դնում, մեզ ասում էին՝ դեմոնտաժ է արվում, ասեք ինձ, ո՞րն է տրամաբանությունը: Նախարարությունները բոլորը գիտեին: Դիմացի մայթի մզկիթը տարիներ առաջ այնպիսի վիճակում էր, որ ես մտածում էի՝ ո՞նց են դա վերականգնելու, բայց պարսիկները եկան ու վերակռուցեցին այն: Գիտեք, սա ասում եմ համեմատելու համար, մի քանի մետր այն կողմ մերոնք մեր աչքի առաջ քանդեցին Երևանի ճարտարապետական գոհարներից մեկը»:

Ճարտարապետների միության նախագահը իրավիճակից ելք, այնումանայնիվ, տեսնում է: Մկրտիչ Մինասյանն առաջարկեց նոր նախագիծ մշակել, որով հնարավոր կլինի շուկան նախկին տեսքին բերել:

Նրան զարմացրեց նաև փաստը, որ շատերը չեն գիտակցում՝ ինչ կարևորության հուշարձանի մասին է խոսքը. «Այստեղ պետք է լիներ մինիմում գլխավոր ճարտարապետը, Քաղաքաշինության, Մշակույթի փոխնախարարները, խոսքը այդ կարևորության հուշարձանի մասին է»,-եզրափակեց ճարտարապետը: