AM
28 Հունիս 2013 - 16:03 AMT

Յոթ արվեստագետ մեկական գույնով պատկերել է երազանքների Երևանը

«Երևան բրենդ» նախագծի շրջանակում «Կերտում ենք Երևանը» խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել «Կասկադ» համալիրի վերին՝ «Երեք սուզորդների» հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը` Դավիթ Մինասյան, Արման Դավթյան (Նուռ), Մուշո Գարուկյան, Մերի Մուն, Կարեն Միրզոյան, Ռուբեն Մալայան, Վահան Բալասանյան, մեկ գույն կիրառելով, պատկերել է միասնական ստեղծագործության թեման՝ երազանքների Երևանը։

Կազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։

Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ այս գործողության արդյունքում ստեղծված խորհրդանշական պատկերը կարող է ունենալ տարբեր կիրառում, ինչպես, օրինակ, ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում։

Երևանի բրենդավորման նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, INSTID միջազգային ընկերության հրավիրյալ փորձագետների, Մաևտիկա բրենդինգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում: