Կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը Առնո Բաբաջանյան սրահում: Համերգն անցկացվում էր հայ ունկնդրին արդեն քաջածանոթ «1900+» նախագծի շրջանակներում և Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանության հովանու ներքո: Հնչել են 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական դաշնամուրային երաժշտություն և մասնավորապես Կառլհայնց Շտոթհաուզենի ստեղծագործությունները:
Ներկա են եղել կոմպոզիտորներ, երաժշտագետներ, դաշնակահարներ, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցիչներ:
Հնչել են Շտոթհաուզենի բարդ ստեղծագործություններից` 9-րդ, 10-րդ և 11-րդ Klavierstuck-ները: Հայկ Մելիքյանը կատարել է ինչպես Շտոքհաուզենի, այնպես էլ նրա հետևորդների` Հ.Լախենմանի և Վ.Ռիմի ստեղծագործությունները: Հնչել են նաև Հանս Վերներ Հենձեի էքսպրեսիոնիստական պրելյուդները` նվիրված «Տրիստանին»:
Համերգին Շտոքհաուզենի «Tierkreis» ստեղծագործությունը դաշնակահարը կատարել է խաղալիք դաշնամուրի վրա: Դաշնակահարը նշել է. «Մինչև այսօր ժամանակակից երաժշտության անհամար համերգներ եմ ունեցել, բայց այս համերգն ինչպես կատարողական, այնպես էլ հոգեբանական հատուկ պատրաստվածություն պահանջեց ինձնից: Ես անհանգիստ էի, թե արդյոք ինչպես հայ ունկնդիրը կկարողանա ընկալել Շտոքհաուզենի այդքան բարդ և անսովոր երաժշտությունը: Համերգի ընթացքում պարզվեց, որ մենք ունենք եվրոպականից էլ խելամիտ ու բարձրաճաշակ ունկնդիր: Ես հպարտ եմ իմ ունկնդրով»:
Համերգի ավարտին հնչել է Ռիխարդ Վագների «Էլեգիան»:






