Խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքում հասարակության համար որևէ բան չբարելավվեց, կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: «Խորհրդարանի օգտակար գործողության գործակիցը զրո եմ գնահատում։ Իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ուղղակի գալիս է փակելու այն գնաճը, որի ականատեսն ենք մենք ամեն օր։ Ազատամարտիկների վերաբերյալ օրենքն էլ անգամ սոցիալական որևէ հարց չի լուծում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը՝ ամփոփելով ԱԺ գարնանային նստաշրջանի աշխատանքները և ընդունված օրինագծերը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է ցրել այս խորհրդարանը և կազմակերպել նոր ընտրություններ, «որպեսզի այնտեղ ներգրավված լինեն այնպիսի անձինք, ովքեր կոռումպացված չեն և ներկայացնում են հասարակության շահերը»:
Անդրադառնալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այն սկսվեց հակահայկական քարոզչությամբ։ «Ադրբեջանը մի փաստաթուղթ էր դրել շրջանառության մեջ, թե Հայաստանն իբր ագրեսոր է, բայց այդ հարցը չքննարկվեց»,- պատմեց նա: Պատգամավորը հայտնեց, որ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հանդիպել են հայ և ադրբեջանցի պատվիրակությունները և մանրամասներ չներկայացրեց, քանի որ ավելին լրատվամիջոցներին չի կարելի հայտնել։