Հուլիսի 4-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումներ» երաժշտական պոեմի պրեմիերան` Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի պղնձափողային կազմի, մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանի և հեղինակի`Ալեքսանդր Իրադյանի կատարմամբ:
«Սա ինձ համար շատ սպասված և մեծ իրադարձություն է: Մինչ վերջնական արդյունքը`«Ինքնասպանի գրառումները» պոեմը, մի մեծ փակ շրջանի մեջ էի, որից դուրս գալու համար կարճ ժամանակում հասկացա, թե ինձ ինչ է անհրաժեշտ: Սկսվեց ինձ համար ծանր և միևնույն ժամանակ գիտակցությունս ճնշող զրույցները: Զրուցակիցներս մարդիկ էին, ովքեր մի ժամանակ դրդված են եղել ինքնասպանության, բայց փրկվել են:Այնուհետև այդ զրույցների վերլուծությունն էր` վերածումը երաժշտության»,- ասում է Ալեքսանդր Իրիդյանը:
Կամերային երաժշտության համերգը բաղկացած է երկու մասից. մինչ «Ինքնասպանի գրառումները» պոեմը Ալեքսանդրը հանդիսատեսին ներկայացնելու է Իգոր Ստրավինսկու «Գարուն սրբազան» բալետի դաշնամուրային տարբերակը` բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահուրի Ելենա Վարդազարյանի հետ համատեղ:
Մինչ այս պոեմը վերջին մեկ տարվա ընթացքում Ալեքսանդրը ստեղծել է նաև երրորդ սիմֆոնիան` «Նոտր Դամ»-ը, որի մասին ռեժիսոր Տիգրան Շահինյանը նկարահանել է «Լսել վիզուալը» վավերագրական ֆիլմը, որն Ալեքսանդրի խոսքերով` շուտով հնարավորություն կունենան ներկայացնելու հանրությանը:
Ամերիկյան ճանապարհորդության ընթացքում մեկնել է Մայամի, որտեղ հնարավորություն է ստացել ղեկավարել է Ֆլորիդայի միջազգային համալսարանի երիտասարդական նվագախումբը:






