Պաղեստինի ընտրություններում Համաս շարժման հաղթանակը ուղղակիորեն չի կարող ազդել Հարավային Կովկասի քաղաքական իրադրության վրա, սակայն անուղղակիորեն, իհարկե կանդրադառնա: Այդ մասին PanARMENIA.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Պաղեստինի հասարակությունը շատ ծայրահեղական է եւ Համաս շարժման հաղթանակը կհետաձգի Պաղեստինի անկախացումը: Բայց կարեւոր է, որ փաստորեն ընդունելով Համասը, Ռուսաստանը Մերձավոր Արեւելքից փորձում է դուրս մղել ԱՄՆ-ին եւ նրան շեղել ԱՊՀ երկրներում ընթացող գործընթացներից. եւ առաջին հերթին, Հարավային Կովկասում եւ նաեւ Մոլդավայում ու Ուկրաինայում»,- հայտնել է նա:
Նրա խոսքերով, Վրաստանի ներկայիս քաղաքականությունը , որը փորձում է ԱՄՆ-ին համընթաց քայլել, ուղղված է տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմանը: «Ով կհաղթի այդ հակամարտությունում, դեռեւս պարզ չէ: Բայց ամեն դեպքում, Հայաստանի անմիջապես հարեւանությամբ ընթացող գործընթացները ուշ թե շուտ կարող են իրենց անդրադարձը գտնել թե քաղաքական եւ թե տնտեսկան առումներով»,-ասել է Գրիգորյանը: