«Sharm Pictures»-ը ներկայացնում է նոր ֆիլմ՝ նոր ռեժիսորով ու սցենարի նոր հեղինակներով: Համագործակցության սահմաններն այս անգամ ձգվում են դեպի արևելք. հանդիսատեսին սպասվում է հայ-ղազախական համատեղ արտադրության արկածային նոր կինոնկար:
Այսպիսով «Sharm Pictures»-ը շարունակում է խթանել հայկական ֆիլմարտադրությունը Հայաստանի սահմաններից դուրս և գրավել նոր շուկաներ:
Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տոմս դեպի Վեգաս», «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմերից: Որպես երկրորդ ռեժիսոր հրավիրվել է Իլյա Ֆարֆելը, ով նույնպես ԱՄՆ-ից է և նախկինում արդեն աշխատել է Գոռ Կիրակոսյանի հետ: Ֆիլմի օպերատորը բելգիացի Ֆիլիպ Վանդեվալն է, ում աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան պրոդյուսերների շրջանում:
Նկարահանումները մեկնարկելու են հունիսի 29-ին և կավարտվեն օգոստոսի 5-ին: Ստեղծագործական և դերասանական կազմն այդ ընթացքում կհասցնի լինել Ղազախստանում, Հայաստանում և Ղարաբաղում, որտեղ և, ըստ սցենարի, ծավալվում են իրադարձությունները:
Ֆիլմն սկսվում է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարի տեսարանով… որից հետո արկածները շարունակվում են Հայաստան և Ղարաբաղ ուղևորության ճանապարհներին:
Նկարահանումների ընթացքի, սյուժեի հետագա զարգացումների և դերասանական կազմի մասին sharmpictures.am-ը պարբերաբար կտեղեկացնի:






