Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով Հունգարիայի դատարանի որոշումը խիստ չի եղել, ասում է Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պաչոլայը: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի ներկայացնում Հունգարիայի իշխանություններին և տեղյակ չէ վճռի նախապատմությանը:
Անդրադառնալով Հունգարիայի դատարանի` Ռամիլ Սաֆարովին ցմահ դատապարտելու որոշմանը, դատավորն ասաց. «Ոչ միայն իշխանությունները, այլև զարմանալիորեն դեսպանները հունգարական դատարանի վճիռը չափազանց խիստ համարեցին: Դա ինձ անորոշության մեջ է գցում, ես չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ այդ կապակցությամբ, բայց նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետևաբար, իմ կարծիքով, հունգարական դատարանի որոշումն անեևին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը շարունակի Ադրբեջանում և ոչ թե ազատ արձակվի և հերոս ճանաչվի»:
Հունգարիայի ՍԴ նախագահը նաև հավելեց. «Որքան ես գիտեմ, դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար: Իմ և Հունգարիայի անունից ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից այս գործի հետևանքով առաջացած խնդրի համար»: Հարցին` համաձա՞յն եք, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարք է եղել, Պետր Պաչոլայը պատասխանեց. «Ոչ, ես չգիտեմ, ես երբեք նման չեմ լսել»:






