Նախորդ ամիս Վանք գյուղի մոտակայքում հայտնաբերվեցին Պառավաձոր վանքի ավերակները: Հայտնաբերվեցին միանգամայն պատահական, քանի որ արահետը, որը մի ժամանակ տանում էր դեպի վանք, ծածկել էին թփուտները, իսկ դարավոր ծառերը կարծես պաշտպանում էին վանքը ոչնչացումից: Սակայն ժամանակը չի խնայել համալիրն ու մնացել են միայն պատերն ու խաչքարերը, պահպանվել են փորագրությունները: Պառավաձոր համալիրը կառուցվել է 1181 թվականին, «քահանա Բարսեղի ու Սարգսի կողմից Սմբատի իշխանության օրոք»: Սմբատը հավանաբար եղել է Աղվանքի կաթողիկոսության եպիսկոպոսներից (VII – XIXդդ.): Տեղեկություններն այդ եկեղեցու մասին սակավ են, գրեթե ոչնիչ չկա այս գրառումից բացի:

Պառավաձորում երկու եկեղեցի է եղել, մեկը՝ XII – XIII դարերի գերեզմանոցում, երկրորդը՝ առաջինից մի քանի մետր հեռավորության վրա: Պահպանվել է նախագավիթը, որն անմիջապես գերեզմանոց է դուրս գալիս: Եկեղեցու մուտքն ու ներքին տարածությունը տառացիորեն երեսպատված են խաչքարերով, ամենահինը թվագրվում է 1178 թվականով: Մյուս խաչքարերի վրա ընթեռնելի են հետևյալ թվերը՝ 1180, 1183, 1189, 1195, 1211, 1220, 1221, 1228:
Ով գիտի, թե դեռ ինչքան բաներ կան թաքնված այս անտառներում՝ եկեղեցիներ, գերեզմանատեղիներ: Դրանք կորսված չեն՝ սպասում են իրենց ժամին: Իսկ դրա համար, ինչպես մեզ թվում է, անհրաժեշտ է արգելանոց ստեղծել: Միայն այդպես կարելի է պահպանել այդ չքնաղ անտառների կենդանական և բուսական աշխարհը: Տեղին է նշել, որ որոշ ԶԼՄ-ներ գրում են մեծածավալ ծառահատումների մասին, ինչն, անշուշտ, ճիշտ չէ:

Բայց այն, որ Մարտակերտի անտառներով պրոֆեսիոնալներ պետք է զբաղվեն, միանշանակ է: Պետք են անատառպահներ, պետք է լինի անտառի սանիտարական հատում, ոչ թե հենց այնպես՝ ծառը դուր չեկավ, կամ պետք եկավ ինչ-որ բանի համար, կտրեցին: Եվ ով գիտի, գուցե իրոք անտառները գաղտնիքներ են պահում, որոնք բացահայտման են կարոտ, ինչպես դա եղավ Պառավաձորի դեպքում: Իսկ այժմ այնտեղ մաքրում են արահետը, մասնագետներ են գալու և նույնիսկ եթե համալիրը հնարավոր չէ ամբողջությամբ վերականգնել, գոնե նրա մասին կիմանան: Իսկ դա արդեն քիչ բան չէ: