Այս տարի հուլիսի 12-15-ը Վիտեբսկում կայանալիք Славянский базар մրցույթում Հայաստանը կներկայացնի X factor հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչը, Վիտեբսկ նա կմեկնի վաղն ու միանգամից կմասնակցի փորձերին:
Վրեժը պատմեց, որ մրցույթի առաջին օրը համարների բաշխում կլինի, որին մասնակցելու են 21 երկրների ներկայացուցիչներ:
«Հուլիսի 13-ին կներկայանամ սլավոնական` Странный этот мир երգով, որը լեհ կոմպոզիտոր է գրել: Երկրորդ օրը ներկայացնելու ենք երկրի հիթը: Երգելու եմ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը»,- պատմեց Կիրակոսյանն ու հավելեց, որ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանան երրորդ օրը:
Երգչի խոսքով անհանգստություն կա, բայց բեմում նրան հաջողվում է այն հաղթահարել.
«Ինձ համար կարևորը պրոֆեսիոնալների գնահատականն է»,- նշեց Վրեժը` հավելելով, որ ժյուրիի գնահատականը կերևա մրցույթի ավարտին։
Ժյուրիի կազմում 11 ներկայացուցիչ է, այն կնախագահի Լարիսա Դոլինան։ Հայաստանից պետք է առաջին անգամ կազմում լիներ նաև Ռոբերտ Ամիրխանյանը, բայց ինչ-ինչ պատճառներով նա վերջին պահին հրաժարվել է։
Մրցույթից հետո Վրեժը կմեկնի Ղրիմ, այնուհետև Լոնդոն` տեսահոլովակ նկարահանելու, որի պրեմիերան, հավանաբար, կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին:
Ի դեպ, Վրեժը միակ հայը չէ, ով կմասնակցի մրցույթին. Ռուսաստանը ներկայացնելու է հայ երգչուհի Ռաիսա Մովսիսյանը:
Մրցույթի հաղթողը կստանա 15 000 ԱՄՆ դոլար, երկրորդը տեղը զբաղեցնողը՝ 9000, երրորդ՝ 5000։






